Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ

Շինարարներն ու ինժեներները նշում են, որ շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2 հազար նստատեղ։ Սա Երևանի կրկեսի նոր շենքի հակիրճ նկարագրությունն է։ «Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային վստահեցրեց, որ այս շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում։

Երևանյան կրկեսի շինարարական աշխատանքները մեկնարկեցին, երբ 2011 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո որոշեցին նոր շենք կառուցել, և 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։

«Այսպիսի կրկես տարածաշրջանում չկա։ Շենքի նախագծման աշխատանքով լուրջ ընկերություն է զբաղվել։ Արտաքին աշխատանքներն 99%–ով ավարտվել են, այս պահին մնում է ավարտել ներքին աշխատանքները», – ասաց Հովհաննիսյանը։

Նոր շենքն ունի 8 հարկ, 6–ը` վերգետնյա, 2–ը` ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում 2350 նստատեղ կա։ Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։

Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ

Հովհաննիսյանի խոսքով` ամեն ինչ հաշվարկվել է, որպեսզի շենքը հարմարավետ լինի։ Վերջին հարկերում հյուրանոցային համարներ են կառուցվել, որպեսզի կրկեսային հյուրախաղերի եկած արտիստները գումար չծախսեն հյուրանոցների վրա։

Ենթադրվում է, որ ստորին հարկերում ավտոկայանատեղիից բացի, կինոթատրոն, բուֆետ և ժամանցային կենտրոն կլինի։ Ըստ Հովհաննիսյանի` շենքի ամենայուրահատուկ հատվածը գմբեթն է, որը 46 մետր տրամագծով թռչող կոնստրուկցիայի ձև ունի։ Գմբեթը հավաքվել է մետաղով եզերված փայտյա կոնստրուկցիաներով։

«Հատուկ գմբեթի համար մշակված փայտը կոնստրուկցիան դարձնում է թեթև, սեյսմակայուն և հրակայուն», – ասաց Հովհաննիսյանը։

Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ

Նրա խոսքով` հատուկ տեխնոլոգիան կիրառվել է, որովհետև մետաղը որոշակի ջերմաստիճանի դեպքում տաքությունից կարող է հալչել և դոմինոյի սկզբունքով իր հետևից քանդել ամբողջ կոնստրուկցիան։ Նոր կրկեսի գմբեթը կարող է ավելի քան 30 տոննա ծանրության դիմանալ։ Հետագայում գմբեթից կախելու են լուսային, ձայնային կոնստրուկցիաներ, ճոպաններ և այլ տեխնիկա։

Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագիծն իրականացնելու համար հսկայական գումարներ են ծախսվել, բայց հստակ թիվ չնշեց։ Պարզ չէ նաև, թե կոնկրետ երբ կավարտվի ամբողջ աշխատանքը։

«Նոր շենքը շահագործման կհանձնվի 2 տարվա ընթացքում»,– նշեց գլխավոր ինժեները։

Քանի դեռ նոր շենքը կառուցվում է, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստում։ Նա շարունակում է աշխատել և կրկեսային արտիստների նոր սերունդ կրթել Լեոնիդ Ենգիբարյանի անվան անվճար դպրոց–ստուդիայում, որը հիմնադրվել է 1972 թվականին։ 42 տարվա ընթացքում այստեղ սովորած մի քանի հազար արտիստներից շատերն այսօր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում։

Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ

«Մերոնք այսօր շրջում են Հայաստանի, Արցախի բոլոր զորամասերով։ Հյուրախաղերի ենք մեկնում, պարապ չենք նստում ու սպասում շենքի կառուցման ավարտին», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Նա հիշեցրեց նաև, որ իրենց դպրոց–ստուդիայում կրկեսային բոլոր ժանրերն էլ կան` լարախաղացություն, ակրոբատիկա, ծաղրածուական արվեստ, օրիգինալ ժանր, գրոտեսկ։ Բոլոր ցանկացողները, որոնց վեց տարին լրացել է, կարող են գրանցվել, բայց ոչ բոլորը կարող են սովորել այնտեղ, որովհետև դպրոց–ստուդիան կրկեսային սեփական տարածք չունի։ Այս պահին այնտեղ 100-105 մարդ է սովորում, բայց ցանկացողներն ավելի շատ են։

Ե՞րբ վերջապես կբացվի Երևանի կրկեսը, և ի՞նչ տեսք ունի շենքը ներսից. լուսանկարներ

Պետրոսյանի խոսքով` երբ կրկեսի շենքը բացվի, նաև կարի արհեստանոց, բուտաֆորիա պատրաստող արտադրամաս, դիմահարդարման սենյակներ կլինեն, և այդ ամենը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի առաջին շենքը փայտից էր և կառուցվել էր 1928 թվականին։ 1939 թվականին 800 հանդիսատեսի համար նախատեսված նոր շենք էր կառուցվել Նիկոլայ Բունիաթյանի նախագծով։ Այդ շենքն ամբողջությամբ վերաձևափոխվել էր 1962 թվականին։