Հեռուստաաստղ և կանանց նորաձևության աշխարհում անփոխարինելի ուղեցույց Ալեքսանդր Վասիլևն անկեղծորեն խոստովանել է` 60–ական թվականներին խելոք երևանցիների խումբը ստիպել է նրան մի ակնթարթում 60 ռուբլի ծախսել և խաբված չզգալ։ Հակառակը` դա երջանկացրել է նրան։
Դեպքը տեղի է ունեցել Պալանգայում` արևմտյան ոճի խորհրդային հանգստավայրում, որտեղ ձգտել է հայտնվել Սոչիում, Ադլերում, Խոստայում կամ այլ վայրերում արհմիութենական ուղեգրերով հանգստից հոգնած հասարակությունը։
«Ով եղել է, երբեք չի մոռանա Գագրայի ծովի, Գագրայի արմավենիները...»
Պետք է ասել, որ Պալանգան գրավել է երիտասարդներին ոչ միայն իր լողափերով, այլ նաև այն մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ, որոնք գլուխ են հանել նորաձև հագուստից և սրճարան չեն գնացել Չեբուրաշկայի նկարով շապիկով։
«Նորաձևության դատավճիռ» («Модного приговора») ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Վասիլևն իր հուշերի գրքում գրում է. «Ամռանը Պալանգայում (Լիտվա) բազմաթիվ հայեր էին գալիս Երևանից։ Նրանք հաճախ բերում էին արտասահմանյան իրեր, որոնք ստացել էին Ամերիկայի բարեկամներից, ինչի շնորհից ես դարձա ալիքի վրա սերֆերի լուսանկարով շապիկի երջանիկ տեր։ Այն ինձ վրա նստեց 60 ռուբլի` հավաքարարի մեկ ամսվա աշխատավարձ»։
Հայերի` Ամերիկայում ապրող բարեկամները ջանացել էին ոչ միայն իրեն ազգակիցներին լավ հագուստ ուղարկելու առումով, այլ նաև շատ այլ հարցերում։
Եթե Ալեքսանդր Վասիլևը հայտնվեր Երևանում 60-70–ական թվականներին, կարող էր նաև իմանալ ատամնաբույժ Մանուշակյանի, լուսանկարիչ Խանդիկյանի, սրտաբան Դոլաբչյանի, Ռոժե անունով դերձակի, ինչպես նաև վարսավիր Արամի մասին։
Այսինքն` այցելելով վերոհիշյալ ընկերներին, կարելի էր տուն վերադառնալ գեղեցիկ և առողջ ատամներով, նորաձև սանրվածքով, ճիշտ աշխատող սրտով և վայելուչ կոստյումով։ Այս ամենը կարելի էր հավերժացնել ֆրանսիահայ ֆոտովարպետ Խանդիկյանի ատելյեում։ Իսկ հետո գնալ ինտուրիստական «Արմենիա», որտեղ մատուցողները ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն էին խոսում, միայն թե հասկացող լիներ։
Բոլոր նրանք և Հայաստանում մշտական բնակություն հաստատած շատ մարդիկ եվրոպական դպրոցի հմուտ վարպետներ էին, և Նիսի, Լոզանի կամ նույնիսկ Պալանգայի ինտերիերներում ավելի լավ կնայվեին, քան մեր Արզնիում կամ Ջերմուկում։
Ինչ վերաբերում է «շապիկին, որով ալիքների վրա սերֆերի լուսանկար» ծնվեց, ապա նման բարիքը Երևանում շատ էր, և նորաձևության ձգտող քաղաքացիների պահանջարկի բավարարման աղբյուր էին կոմիսիոն խանութները, իսկ դրանցից գլխավորը գտնվում էր Մաշտոցի պողոտայում։
Կոմիսիոն խանութի տերը պատկառելի տղամարդ էր` Էդուարդ անունով, որին հետագայում սկսեցին անվանել «կապիկ Էդո»։ Այդ մականունը նա ձեռք էր բերել, երբ կենդանի կապիկ էր տարել այնտեղ, և այդ կրեատիվ որոշումը թույլ էր տվել նրան ավելացնել գնորդների թիվը, համապատասխանաբար և` դրամարկղի շահույթը։ Հիմա լավ ապրանք ձեռք բերելու համար հայերը կարիք չունեին Պալանգա մեկնել, այլ կարող էին գալ «կապիկ Էդոյի» և նրա գործընկերների մոտ։
Իսկ հիմա ամենագլխավորի մասին. ով է ամենից շատ մեղավոր, որ ԽՍՀՄ–ում դադարեց գոյություն ունենալ խորհրդային իշխանությունը։
Փառք նույն Ալեքսանդր Վասիլևին։ «Ես մինչև հիմա համոզված եմ, որ խորհրդային իշխանությանը կործանել է հենց նորաձևությունը», – պնդում է Վասիլևը։
«Արտասահմանյան ապրանքներ վաճառող առաջին վաշխառուները կասկածի տակ են դրել մեր երկրի կառուցվածքը։ Շատերի մոտ հարց է ծագել` ինչու մենք, լինելով այդքան առաջադեմ, չենք կարող ջինս կարել։ Անընդհատ խոսում ենք, բայց ի վիճակի չենք նորմալ բան արտադրել մարդկանց համար»։
Մեկնաբանություն «նորմալ ոչ մի բան չենք կարող արտադրելու» վերաբերյալ։ Հայաստանը շատ լավ էլ կարող էր («Մասիս» կոշիկի գործարանը, «Գարուն» կարի միավորումը, Լենինականի Աշխատանքային կարմիր դրոշի մսամթերքի կոմբինատի ապխտած երշիկները և այլն)։ Բայց հանրապետությունում ավելի շատ վաճառվում էին «made in…» պիտակով ապրանքները։
Յուրաքանչյուր ոք, ով թեկուզ մեկ օրով գալիս էր Երևան, կարող էր շրջանցել Ժողովրդական արվեստի թանգարանը, բայց չէր կարող չմտնել «կապիկ Էդոյի» մոտ կամ ուրիշ կոմիսիոն խանութներ։ Թեկուզ ոչ իր համար, բայց հանուն ընկերների ու բարեկամների, որոնք վստահ էին` Երևանում ամեն ինչ կա։
Այդ առումով ամեն զույգ գուլպա, ձեռնոց կամ լողացող կիսամերկ գեղեցկուհու պատկերով գրիչ, «Մալբորոյի» բլոկ` գնված լեգենդար «Պուրտուլա» կրպակում, էլ չասած համատարած ֆրանսերեն «մերսի» հայերեն «շնորհակալության» փոխարեն, գործում էին խորհրդային իշխանության դեմ և այդպիսով հաստատում նորաձևության ռուս և ֆրանսիացի պատմաբան, արվեստաբան, կոլեկցիոներ, ինտերիերների դեկորատոր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Լուվրի դպրոցի և ՄԽԱՏ ստուդիայի դպրոցի շրջանավարտ Ալեքսանդր Վասիլևիչի իրավացիությունը, որը հայերից գնել էր բաղձալի շապիկը և դրա համար վճարել 60 ռուբլի` անցած դարի 70–ական թվականների խորհրդային հավաքարարի ամսական աշխատավարձը։