Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան

Պոլիկլինիկայից գումար են տարել և վնասել վճարային տերմինալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան՝ տանելով խոշոր չափի գումար և վնասել վճարային տերմինալը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 7-ին։

Առեղծվածային դեպք Երևանում. հյուրանոցում հայտնաբերվել է 33-ամյա տնօրենի դին

Ժամը 08։20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Գուրգեն Մուրադյանը և հայտնել, որ առավոտյան եկել է աշխատավայր` Կասյան փողոցում գտնվող Հայաստանի գրողների միության պոլիկլինիկա, և տեսել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք իր աշխատասենյակի դռները բացել են ու սեղանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար, իսկ հետո վնասել «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը, որը տեղադրված է եղել շենքում։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Գ. Մուրադյանը նշված պոլիկլինիկայի տնօրենն է։