ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Նյու Յորքի ոստիկանությունը տարհանել է CNN–ի Time Warner Center գրասենյակի աշխատակիցներին՝ ռումբի առկայության մասին հեռախոսազանգի պատճառով: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է լրագրող և մեկնաբան Դոն Լեմոնը։
Նրա փոխանցմամբ՝ անհայտ անձը զանգահարել է ու ասել, որ հեռուստաընկերության շենքում հինգ պայթուցիկ սարք կա:
«Մեզ տարհանեցին ուղիղ եթերով հեռարձակվող իմ շոուի հենց սկզբից»,–գրել է նա։
Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, հրշեջ բրիգադներ, իրավապահներ, որոնք միառժամանակ փակել են 58-րդ պողոտան ու հարակից փողոցները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պարբերաբար CNN-ին քննադատում է իր մասին «կեղծ լուրերի» տարածման համար, տարհանումից հետո Twitter–ի իր էջում գրել է. «Կեղծ լրատվամիջոցներն ազգի թշնամին են»:
Հեռուստաալիքի նյույորքյան գրասենյակի աշխատանքը վերսկսվել է երկու ժամ անց: