Երկրաշարժից տուժածներին բուժած վրացի բժիշկը փնտրում է իր վիրահատած աղջկան

Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց վրացի բժշկի գործը չի մոռացվել։ Բժիշկն էլ չի մոռացել ահավոր պատկերն ու իր բուժած փոքրիկ հայուհուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկը պարգևատրվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության շնորհակալագրով։

Բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն 1988–ի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում վիրահատել է տասնյակ վիրավորների։

Էպիկենտրոնը` Շիրակամուտ. այստեղ հիշում են մահացող երեխաների հառաչը և օտարների բարի գործը

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար։ Նա ավելացրել է, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ:

Բժիշկ Գոգիձեն ասել է, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել։ Հատկապես տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է։ Բժիշկը հույս է հայտնել, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, Լիլիին գտնել իրեն բուժած բժշկին։