«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը

Քննությունը կապացուցի, որ Փաշինյանի և Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրության մոնտաժն աղավաղել է դրա բովանդակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի` համացանցում հրատարակված ձայնագրությունն այնպես է մոնտաժված, որ լիովին աղավաղում է զրույցի էությունը։

Քոչարյանը ԱԱԾ հարևանությամբ «Կենտրոն Երևան» ՔԿՀ շենքում է

Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5–ին համացանցում հրապարակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Փաշինյանի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցի ընթացքում Վանեցյանն ու Փաշինյանը քննարկում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքն ու հնարավոր հետևանքները։ Վանեցյանը, մասնավորապես, ասում է, որ Խաչատուրովի կալանքը կարող է «բարդացնել ռուսների հետ հարաբերությունները»։

Մեկնաբանելով ձայնագրությունը` վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ այն մասամբ մոնտաժված է, մասնավորապես ջնջված է հատվածը, որտեղ նա Վանեցյանի հետ խոսում է դատավորների անվտանգությունն ապահովելու մասին։

«Վարչապետը մեկնաբանել է այդ հարցը, ես ավելացնելու բան չունեմ։ Ձայնագրությունը կիսատ է ներկայացված, մոնտաժված է, և քննությունը կապացուցի դա։ Դա անհերքելի փաստ է», – ասաց Վանեցյանը` հավելելով, որ բոլոր ապացույցները կհրապարակվեն։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ զրույցը մոնտաժված է և հաղորդեց, որ սպասում էր «գաղտնալսման երկրորդ մասի» արտահոսքին։

Նա խոստացավ դեկտեմբերի 15–ին մանրամասներ հաղորդել լրագրողներին։