Երկրաշարժը համախմբեց մարդկությանը «Քեզ համար, Հայաստան» կոչի ներքո. ՌԴ ԱԻՆ փոխնախարար

Գյումրի պետք է այցելեր նաև ՀՀ ազգային հերոս, ՌԴ պետական դումայի մշտական հանձնաժողովի նախագահ Նիլոկայ Ռիժկովը, ով սակայն, չկարողացավ ներկա գտնվել առողջական խնդիրների պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. 1988 թվականի ավերիչ երկրաշարժը ողբերգություն էր, որը դարձավ յուրաքանչյուրինը և համախմբեց մարդկությանը «Քեզ համար, Հայաստան» կոչի ներքո: Գյումրիում դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

Էպիկենտրոնը` Շիրակամուտ. այստեղ հիշում են մահացող երեխաների հառաչը և օտարների բարի գործը

«Դժվար է բառերով արտահայտել կորստի ցավն ու տառապանքը: Երկրաշարժ, որը խլեց հարյուր հազարավոր կյանքեր։ Հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարվեցին հայկական գյուղեր և քաղաքներ, հարյուր հազարավոր մարդիկ էլ մնացին առանց տանիքի»,-ասաց Նիկոլայ  Գրեչուշկինը՝ նշելով Սպիտակում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը վնասվածքներ են ստացել, շարքից դուրս էր եկել երկրի արդյունաբերական ներուժի 40 տոկոսը: 

1988 թվականի Հայաստանի ողբերգությունը դարձավ  համամարդկային ցավ: «Երկրաշարժը ցնցեց ամբողջ աշխարհը: Երկրաշարժի առաջին իսկ օրվանից հայերը զգացին մարդկային հոգու ջերմությունը: Այդ օրերին Հայաստան ժամանեցին փրկարարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից,  Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:  Օգնության ձեռք մեկնեցին նաև ԽՍՀՄ մնացած պետությունները:  ԽՍՀՄ  օգնությունը կանոնակարգում էր Նիկոլայ Ռիժկովը: Երևանի օդանավակայանում վայրէջք էին կատարում օդանավեր բեռնված առաջին օգնության պարագաներով, հագուստով, սնունդով»,-հիշեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի  տեղակալը` հավելելով, որ Հայաստանին այդ օրերին հումանիտար օգնություն ցուցաբերեց ավելի քան 111 պետություն: Միայն 45 հազար շինարար եկել էր ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից:  Շինարարական առաջին ջոկատները Հայաստան էին ժամանել արդեն դեկտեմբերի 10-ին:

Այսօր ևս կա համագործակցություն ՀՀ  և ՌԴ  արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև:

Ի դեպ, Գյումրի պետք է այցելեր նաև ՀՀ ազգային հերոս, ՌԴ պետական դումայի մշտական հանձնաժողովի նախագահ Նիլոկայ Ռիժկովը, ով սակայն, չկարողացավ ներկա գտնվել  առողջական խնդիրների պատճառով: