Չեն բացառվում եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը. Տոնոյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը խոսել է ռազմական ինքնաթիռի կործանման պատճառների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն:  Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասել է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո:

Քննչական կոմիտեն ՍՈւ-25-ի վթարի պատճառների մի քանի աշխատանքային վարկած է մշակել

Այնուամենայնիվ նա մատնացույց է արել երկու խնդիր՝ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը:

Անդրադառնալով լուրերին, թե պատճառը եղել է մառախուղը՝ Տոնոյանն ասաց, որ դա եղել է ռազմական նշանակության ինքնաթիռ, որը պետք է լինում կիրառել տարբեր եղանակային պայմաններում:

«Ես հիմա ոչ մի բան բացառել չեմ կարող: Նախաքննությունն իրականացվում է: Մենք կորցրել ենք մեր ընկերներին, հետագայի համար ճիշտը պետք է պարզվի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Տոնոյանի խոսքով վարկածները բազմաթիվ են, սակայն նեղ մասնագիտական խնդիր է, աշխատելու են փորձագետները, որպեսզի հետագայում այսպիսի միջադեպերից խուսափեն:

ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը:

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից: ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: