Որ չխելագարվեմ. Վրաստանից ժամանած փրկարարները Սպիտակից ճերմակած մազերով էին վերադառնում

Ե՛վ սրտի կանչով, և՛ ամենամոտը Վրաստանն էր, այդ պատճառով Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին առաջին արձագանքն այնտեղից եղավ։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն մարդկանց, ովքեր թողնելով տները, ընտանիքներին ու աշխատանքը, օր ու գիշեր աշխատում էին աղետի գոտում։ Փրկարարներից ու հոգեբաններից շատերը այդպես էլ չկարողացան ուշքի գալ հոգեբանական տրավմաներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Երեսուն տարի առաջ Վրաստանն առաջիններից էր, որ օգնության եկավ Հայաստանին. մի քանի ժամվա ընթացքում հազարավոր մարդիկ ժամանեցին քանդված երկիր։ Թբիլիսին և վրացական այլ քաղաքներն ընդունում էին անօթևան մնացածներին։ Sputnik Գրուզիայի մեր գործընկերները հանդիպել են այդ սարսափելի օրերի ականատեսներին։

Օթար Տում–Նաչկեբիա, նախկին փրկարար, 80 տարեկան

«Այդ օրն առավոտվանից մելիորացիայի ու ջրային տնտեսության նախարարությունում ժողով ունեինք. ստորգետնյա ցնցումները զգացվում էին նաև Թբիլիսիում, իսկ արդեն մի քանի րոպե անց իմացանք, որ էպիկենտրոնը Սպիտակում էր, ու որ այնտեղ սարսափելի բան է տեղի ունեցել։

Երկրաշարժից տուժածներին բուժած վրացի բժիշկը փնտրում է իր վիրահատած աղջկան

Այդ ժամանակ արդեն փրկարարական աշխատանքների փորձ ունեի, որ ձեռք էի բերել Տաշքենդի երկրաշարժի ու Չերնոբիլի աղետի ժամանակ։ Միանգամից սկսեցինք հավաքվել Հայաստան գալու, ութ մեքենայով էինք գալիս, ճանապարհին մեզ Վրաստանից այլ փրկարարներ էլ էին միանում։ Հիշում եմ` երբ Սպիտակ էինք մտնում, տեղացիները սկսեցին բղավել` հրեշտակը գալիս է։ Ասում էին, որ Աստված իրենց հրեշտակների է ուղարկել, թեև ինչ հրեշտակ, մենք չէինք կարող հրաշք գործել։

Մեզ իսկական սարսափ էր սպասում. սև մառախուղում ինչ-որ աղմուկ, նվաղոցներ ու լաց էր լսվում, ոչ ոք չէր հասկանում` ինչ է կատարվում, ամեն ինչ խառնվել էր։ Ինչ–որ պահի Լենինականում հայտնվեցինք, այստեղ ամեն ինչ նույնքան սարսափելի էր։

Մեզ հաջողվեց Լենինականում երեխաների փրկել, բեկորների տակից երկու դասարան երեխա հանեցինք։

Շատերը մահանում էին անընդհատ փլվող բեկորների տակ։ Ամենասարսափելին ընտրությունն էր` ում փրկես, ում` ոչ։ Եթե ինչ-որ մեկը խրված էր փլատակների մեջ, նա կարող էր սպասել, վազում էինք այն մարդկանց մոտ, ով արդեն մահանում էր։ Հիշում եմ` փլատակների տակ մնացած մի տղամարդու հանդիպեցի։ Ես վերցրեցի ճկվող խողովակը, անցկացրեցի այն բեկորների արանքով, որ նրան գինի խմեցնեի, որ ուժերը պահպանվեն։ Ապա` ձեռքս մտցրեցի, նա բռնեց դաստակս ու կապեց իրեն էլեկտրականության լարով։ Վախենում էր, որ կթողնեմ իրեն։ Փառք Աստծո` մեզ հաջողվեց հանել նրան։

Էպիկենտրոնը` Շիրակամուտ. այստեղ հիշում են մահացող երեխաների հառաչը և օտարների բարի գործը

Լենինականում մեծ արտադրական մասնաշենք կար, որը տեղաշարժվել ու ընկել էր կողքին կանգնած շենքի բաղնիքի ու հանդերձարանի վրա։ Այնտեղ կանայք էին, մոտ 300 մարդ։ Բոլորը ջրահեղձ էին եղել։ Մենք երկար ժամանակ հանում էինք նրանց։ Բոլորը մերկ էին, նրանց մարմինները չէին փտում, որովհետև ուժեղ սառնամանիք էր։ Դա երկրաշարժի ժամանակ իմ տեսած ամենասարսափելի տեսարանն էր։ Երբ մարմինները սկսեցին հալչել, կանայք սկսեցին շարժվել։

Սարսափելի պատմություններն անթիվ են։ Աշխատում եմ չհիշել դրանք, որ չխելագարվել։

Գեորգի Միկաձե, թոշակառու, 72 տարեկան

1988 թվականի դեկտեմբերի 7–ին հիշում եմ` ինչպես ամեն ինչ ցնցվեց նույնիսկ  Թբիլիսիի իմ բնակարանում։ Հետո պարզվեց, որ դա Սպիտակի երկրաշարժն էր։

Ես այն ժամանակ Վրացական ԽՍՀ նախարարների խորհրդին կից առողջարանների վարչությունում զանգվածային միջոցառումների բաժնի վարիչ էի, մենք համակարգում էինք առողջարանների ու հանգստյան տների աշխատանքը։ Դրանց թվում էր նաև այն առողջարանը, որը պետք է բացվեր 1989 թվականի հունվարի 1–ին, այն կոչվում էր «Դիա» ու գտնվում էր Կոջորում։

Հաջորդ օրը ժողով եղավ, որտեղ քննարկեցինք ինչպես Թբիլիսիից օգնեն երկրաշարժի հետևանքով տուժածներին։ Մեզ մոտ բերեցին Կիրովականի տուժածներին, նրանք        հիմնականում կանայք ու երեխաներ էին։ Ողջ մնացած տղամարդիկ մնացել էին աղետի գոտում, աշխատում էին հետևանքների վերացման ուղղությամբ, նաև ավազակներ էին հայտնվել, ու տղամարդիկ ստիպված էին պաշտպանել իրենց տները, ավելի ճիշտ այն, ինչ դրանցից մնացել էր։

Միլիարդավոր դրամներ ու հազարավոր անօթևաններ. աղետի գոտու 30–ամյա թշվառությունը

Ժողովի արդյունքում որոշվեց «Դիլա» առողջարանում բնակեցնել կիրովականցի կանանց ու երեխաներին. այն նոր էր ավարտի հասցվել ու արդեն պատրաստ էր կենվորների ընդունել։ Ինձ նշանակեցին բնակեցման կազմակերպման պատասխանատու, միանգամից առաջարկեցի դպրոց սարքել, փախստականներից ուսուցիչների ընտրեցի, ինքնս սկսեցի անգլերեն դասավանդել։

Նրանք գրեթե մեկ տարի մեզ մոտ ապրեցին` մինչ 1989 թվականի հոկտեմբերը։ Հետո մենք մեր ամբողջ թիմով Կիրովական էինք գնում, այցելում էինք նրանց, մանդարիններ էինք տանում։

Հաճախ եմ մտածում այն մասին, որ այն երեխաները, որոնք մեզ մոտ «Դիլայում» էին ապրում, արդեն վաղուց երեխա, չեն ու երևի իրենք արդեն երեխաներ ունեն։ Ու ես մինչ այժմ չեմ կարողանում մոռանալ հանգստյան տան անսովոր լռությունը. կիրովականցի երեխաները չէին վազվզում, չարություն չէին անում ու չէին ծիծաղում։ Դա իսկապես սարսափելի էր։

Սվետլանա Հակոբյան, լրագրող, 50 տարեկան

Ես դասախոսության էի, երբ ինստիտուտի շենքը սկսվեց ուժեղ ճոճվել... Մենք կուրսեցիներով միանգամից չհասկացանք` ինչ է կատարվում։ Միայն դասախոսներից մեկը, որն ինչպես հետո պարզվեց ապրել է Տաշքենդի երկրաշարժը, երկու ձեռքերով բռնել էր սեղանն ու ատամների արանքով ասում էր. «Մի վախեցեք... սա երկրաշարժ է»։

Առանց վաղեմության ժամկետի. 1988

Այն ժամանակ մեզ ծիծաղեցրեց, որ դասախոսը ճոճվում էր ու վախեցած ձայնով էր խոսում։ Մենք չէինք մտածում, որ այդքան սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Հետո շոկային վիճակ էր։ Թբիլիսիի հայերը խուճապի մեջ էին. գրեթե բոլորը Հայաստանում մտերիմներ ու բարեկամներ ունեին։

Հաջորդ օրը տարբեր կուրսերի ուսանողներով Հայաստան էինք մեկնել։ Վնասված ճանապարհներով հասնելով Սպիտակ` մենք տեսանք, որ քաղաքն այլևս չկա։ Ամենուր գոռոցներ ու հառաչանքներ էին, մարմինների անվերջ շարան։

Մենք քայլում էինք քանդված Սպիտակի փողոցներով, մեր ոտքերը կպնում էին շաքարի գործարանից հոսող մրգահյութին։

Հիշում եմ` ինչպես տասն ամսեկան տղային, որին փրկարարները չորս օր խողովակի օգնությամբ էին կերակրում, հրաշքով հաջողվեց ողջ–առողջ հանել փլատակների տակից։ Բոլորս լալիս էինք երջանկությունից...

Մարդիկ անզեն ձեռքերով բետոնե սալեր էին բարձրացնում, չէի մտածում, որ նման բան հնարավոր է, բայց հուսահատությունն անհավանական ուժ է հաղորդում։

Ոմանք օրերով փլատակների տակ էին մնում։ Աջակցելու համար խոսում էինք նրանց հետ, փորձում էինք գոնե մի փոքր անցք բացել ու դրա միջով ջուր ու սնունդ էինք փոխանցում։ Հույսը մեռնում էր, երբ բետոնե սալերի տակից եկող ձայները լռում էին։

Փրկվածներից ոմանք փլատակներից դուրս գալուց հետո միանգամից մահանում էին, ոմանք էլ` հիվանդանոցի ճանապարհին։

Մոտ երկու շաբաթ Սպիտակում անցկացրինք, այլ բուհերի ուսանողների հետ գիշերում էինք հսկայական ռազմական վրանում, որը մեզ զիջել էին ոստիկանության աշխատակիցները։

Մի անգամ ամբողջովին սև հագած կնոջ տեսա, նա անշարժ նստած էր մասնավոր շենքի մոտ։ Տունը վնասված էր, բայց կանգուն։ Կնոջ կողքին` ասֆալտի վրա, հաց, երշիկ ու «Բորժոմի» կար։ Ես մոտեցա ու ձեռքս դրեցի նրա ուսին։ Կինը գլուխը բարձրացրեց, նայեց ինձ ցավով լի աչքերով ու ասաց, որ ուտել է ուզում։ Երկրաշարժը խլել էր նրանից ընտանիքին երեխաներին, թոռներին, ծոռներին, ընդհանուր առմամբ` 27 մարդու։

Անվերջ սարսափի մեջ ևս մեկ դեպք հիշեցի։ Մենք քանդում էինք բարձրահարկ շենքի փլատակները։ Այդ շենքի առաջին հարկում հանրախանութ ու մանկական երաժշտական դպրոց էր եղել։ Փլատակների մեջ մի աղջկա լուսանկար էինք գտել։ Մեզ մի տղամարդ մոտեցավ։ Նկարը տեսնելով` տղամարդը սրտին սեղմեց այն, ասես գրկում էր իր երեխայի մարմինը. նա լացելով հեռացավ։ 11–ամյա նրա դուստրը երկրաշարժի պահին երաժշտության դասին էր։