ՌԱԴԻՈ

Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ»

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով` եղել է քաղաքական որոշում ու ճնշում դատարանների վրա:
Sputnik
Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ»

Վիկտոր Սողոմոնյանը կասկած չունի , որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ: Այդ մասին նա հայտարարեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ընթացող ասուլիսի ժամանակ:

Նա հայտարարեց, որ միայն Աստված գիտի, թե ինչ հետևանքների կբերի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը պատմական տեսանկյունից: «Ավելի վաղ հրապարակված գաղտնալսման տեսանյութը ապացույցն է շինծու քրեական գործի, անձնական վենդետայի մոլուցքի, ինչպես նաև այսօրվա դատական որոշման պատճառի»,–ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը: Սողոմոնյանի կարծիքով` եղել է քաղաքական որոշում ու ճնշում դատարանների վրա: Դա են ապացուցում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` տարբեր մարզերում արված հայտարարությունները։

Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի չորսին հստակ սպառնալիքներ է հնչեցրել դատավորների նկատմամբ: Գաղտնալսված ձայնագրությունը պարզ է դարձնում` ինչ է եղել կուլիսներում: Նրա խոսքով`պարզ դարձավ, որ  գրավ կիրառելու միջնորդությունը պետք է ոչ թե դատավորին, այլ ԱԱԾ պետին կամ ՀՔԾ պետին ներկայացնել:

«Որոշման հիմքում չկա իրավաբանական բաղադրիչ և դրա հիմքում սպառնալիքներ են: Գործը խոցելի դատավորի է հանձնարարվել ու ամենաքիչը կարող է դիմակայել ճնշումներին: Արդարացան մեր ամենավատ սպասումները», - նշեց նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից: