Ո՞վ է հարստացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ժամանակ

Մեղադրանք է ներկայացվել ֆրանսիական ընկերության ղեկավարին։ Նա, տեխնիկական հսկողություն իրականացնելու փոխարեն, հափշտակել է 1.8 մլն դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրով պարտավորվել էր տեխնիկական հսկողություն իրականացնել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության նկատմամբ։ Իրականում, պարզվել է գումարը վերցրել է ու գործ չի արել։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող համապատասխան քրեական գործով ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել այդ ընկերության ծրագրի ղեկավարին:

«Հյուսիս-հարավի» կառուցման ժամանակ հափշտակվել է մոտ 2 մլն դոլար. կա օտարերկրացի կասկածյալ

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարն այդ պարտավորությունները ստանձնել է 2015 թվականի դեկտեմբերից ։

Նախնական քննության տվյալներով՝ նա համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը` 1 804 232 ԱՄՆ դոլարին համարժեք 871 083 253 դրամ գումարը։

Այս արարքի համար վերջինին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Քննչական մարմինը, սակայն, հիշեցնում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 23 553 817 000 դրամ: