Հայ ներդրողներն առանձնակի ակտիվություն են ցուցաբերում. Փաշինյանը հանդիպել է հայ համայնքին

Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:

Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵԱՏՄ–ում ինտեգրացումը խորացնելու համար

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ:

«Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։