ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում։
«Մենք համարյա ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել և լուծել գլխավոր քարտուղար նշանակելու խնդիրը», – ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով` ինչպես ավելի վաղ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։
«Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես տեղի կունենա այդ նշանակումը` անհատական զրույց ՀԱՊԿ յուրաքանչյուր ղեկավարի հետ, ապա նրանք կստորագրեն այդ որոշումը», – նշել է Լուկաշենկոն։
Հայաստանի դիրքորոշման մասին հարցին պատասխանելիս`Լուկաշենկոն նշել է, որ չի կարող խոսել Փաշինյանի փոխարեն։
Նրա խոսքով` ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր դարձել նրա տեղակալ` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը պետք է պահպանի պաշտոնը։ Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ հայտարարել են, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նպատակահարմար չէ պաշտոնը կրկին Հայաստանին փոխանցելը։