ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նավթի և գազի միասնական շուկայի ստեղծումը տարեկան 9 միլիարդ դոլար կավելացնի ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։
Կազմակերպության անդամ երկրները Սանկտ Պետերբուրգում ամփոփում են միության աշխատանքի արդյունքները Ռուսաստանի նախագահության տարում։ Օրակարգում եվրասիական ինտեգրացման հետագա խորացման քննարկումն է, այդ թվում` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային տնտեսությունը։ Ծրագրվում է քննարկել նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը։
Պուտինի խոսքով` երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ և արդյունավետ։ Այս տարի ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն կավելանա 2 տոկոսով։ Կազմակերպությունը բարելավել է դիրքերը միջազգային վարկանիշներում։
«Նիստի համար նախապատրաստվել են որոշումների նախագծեր նավթի, գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին։ Դա տարեկան 9 միլիարդ դոլարով կավելացնի ՀՆԱ–ն», – հավելել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով` այդ խնդիրը վերջնականապես կլուծվի մինչև 2025թ.–ը։ Պուտինը նշել է, որ գազի սակագնի ամբողջական միասնականացման համար ժամանակ է պետք։
Նա նշել է, որ ինտենսիվորեն զարգանում է արտադրական կոոպերացիան, համագործակցությունը մետաղագործության, արդյունաբերության ոլորտներում։ Կայուն կերպով աճում է նաև նորարարական ապրանքների արտահանումը։
Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է նաև մշակել ԵԱՏՄ–ում ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու մասին հարցը` օգտագործելով ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաները։ Պուտինը համոզված է, որ դա թույլ կտա բարձրացնել միության երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը` դրանք պակաս կախված դարձնելով դոլարից և այլ արտասահմանյան արժույթներից։ Դրանցից կախվածությունը նշանակում է տնտեսական ինքնիշխանության բարձրացում։