Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունները նվազեցրել են լարվածությունը. միջնորդներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կշարունակեն քննարկումները և կարծիքների փոխանակումը` խնդիրը լուծելու և բարձր մակարդակում բանակցությունների կազմակերպումը հեշտացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են կրկին հանդիպել 2019թ.-ի սկզբին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղիները քննարկելու համար։ Այս մասին ասվում է Միլանում բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների ԱԳՆ ղեկավարների արած համատեղ հայտարարության մեջ։

Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել հանդիպումները. ԱԳՆ

Փաստաթղթում ասվում է, որ Մնացականյանը և Մամեդյարովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հաստատել են ակտիվորեն աշխատելու պարտավորությունը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և լարվածությունը կրճատելու համար։ Նրանք կշարունակեն քննարկումները և կարծիքների փոխանակումը` խնդիրը լուծելու և բարձր մակարդակում բանակցությունների կազմակերպումը հեշտացնելու համար։

Միջնորդներն իրենց հերթին ողջունել են հրադադարի խախտումների և մարդկային կորուստների «զգալի կրճատումը»` Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններից հետո։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները կոչ են անում կողմերին շարունակել կատարել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ բանակցությունների ընթացքում և կոնկրետ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար։