Հանուն բնապահպանության. Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Գնացքով, տրամվայով, ավտոբուսով երթևեկելու համար այստեղ չեն վճարի հաջորդ տարվա ամռանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Դեկտեմբեր — Sputnik. Լյուքսեմբուրգը կդառնա եվրոպական առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։

Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

Գնացքով, տրամվայով, ավտոբուսով երթևեկելու համար այս այստեղ այլևս չեն վճարի հաջորդ տարվա ամռանից։  Սա Լյուքսեմբուրգի վարչապետ Խավյե Բեթելի կառավարության ծրագրում էր ընդգրկված։

Լյուքսեմբուրգը միաձայն կողմ է ՀՀ–ԵՄ համաձայնագրին

2020-ից ընդհանրապես տոմսերի համակարգը վերացվելու է, սակայն չի հստակեցվել, թե ինչ է արվելու առաջին կամ երկրորդ կարգի վագոնների հետ։

Այս պահին Լյուքսեմբուրգում անվճար կարող են երթևեկել միայն մինչև 20 տարեկանները։ Սա էլ գործում է  ընթացիկ տարվա ամռանից։

Լյուքսեմբուրգում ահավոր խցանումներ են։ Բանն այն է, որ երկիրն ունի 600 հազար բնակչություն, ևս 200 հազար մարդ գալիս է այստեղ աշխատելու Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից։ Հետազոտությունների համաձայն, 2016-ին վարորդները խցանումների մեջ անցկացրել են միջին հաշվով 33 ժամ։

Վարչապետը դեկտեմբերի 5-ին իր երդման խոսքում, իսկ ավելի վաղ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին։

Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսի 1-ից Էստոնիայի շատ շրջաններում անվճար հասարակական տրանսպորտ է գործում։ Նրանք հետևել են մայրաքաղաք Տալլինի օրինակին, որտեղ բնակիչներն արդեն մի քանի տարի երթևեկության համար չեն վճարում։