Երևանում կորած քաղաքացուն չեն կարողանում գտնել

Արդեն մի քանի օր է` փրկարարները փնտրում են տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Փրկարարները փնտրում են Կորեայի ձորում կորած քաղաքացուն և չեն կարողանում գտնել։

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 22:47-ին Փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատը չի կարողացել աշխատանքներ իրականացնել մառախուղի և վատ տեսանելիության պատճառով:

Տղամարդուն փնտրում են դեկտեմբերի 3-ից։ Այդ օրը, ժամը 18:47-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն. Բ.-ի (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցկացրել է հոգեբանական զրույց: