Ընդունե՞լ, թե՞ չընդունել օլիգարխների նվերները. կառավարությունը դեռ մտածում է

Նարեկ Բաբայանը չբացառեց, որ կլինեն նաև գույք նվիրաբերելու ցանկություն ունեցող այլ դիմողներ ևս, որոնց մասին ինքը տեղեկություններ չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Պետությանը գույք նվիրաբերելու մասին Արմեն Ավետիսյանի ու Մանվել Գրիգորյանի որոշումների շուրջ կառավարությունը դեռ հստակ եզրակացություն չունի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել: Դա կախված է նաև իրավապահ մարմնի դիրքորոշումից: Մյուս կողմից էլ կառավարությունը կարող է քաղաքական որոշում կայացնել` հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ համակարգի հետ: Հիմա մենք սպասում ենք վերջնական գնահատականին, բայց զուգահեռաբար մշակում ենք բոլոր տարբերակները»,- ասաց Բաբայանը:

Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը վերադարձնում է պետությանը. Փաշինյան

Նարեկ Բաբայանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ շատ ավելի արդյունավետ կլինի ընդունել նվիրաբերվող գույքը հիմա, քան սպասել քրեական վարույթների ավարտին, որոնք կարող են մեկ տարուց ավելի տևել:

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարմանը, պաշտոնյան նշեց, որ այն պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գրանցվելուց հետո կդրվի աճուրդի, և միջազգային հայտնի բրենդը կվերցնի դրա կառավարումը: Հյուրանոցի արժեքն այս պահին Բաբայանը դժվարացավ նշել` ասելով, որ գնահատում դեռ չի կատարվել:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Նարեկ Բաբայանը չբացառեց, որ կլինեն նաև գույք նվիրաբերելու ցանկություն ունեցող այլ դիմողներ ևս, որոնց մասին ինքը տեղեկություններ չունի:

«Չի բացառվում, որ այլ դիմումներ էլ կան, բայց ոչ պետգույքի կառավարման կոմիտեում»,- ասաց նա` ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով այդ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն էր հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» վերադարձնել պետությանը:Մանվել Գրիգորյանի փաստաբանները ևս տեղեկացրել էի, որ նա պատրաստակամություն է հայտնել 5 միլիարդ դրամի գույք պետությանը հանձնելու։