ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը կարող է անցկացնել վերջին տասնամյակների ընթացքում ամենաարդար ընտրությունները։ Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում այսօր տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ազդում են հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենաբաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ստեղծվել են բոլոր պայմանները հայ ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար: Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձևավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանն ու տնտեսական և քաղաքական ոլորտում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելուն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս գիշեր է մեկնել Սանկտ Պետերբուրգ: