Պաշտոնյան մանրամասներ է հայտնել ՄՀՀ-ում բացահայտված չարաշահումներից

Տոներից հետո ՄՀՀ տնօրենի թափուր մնացած տեղի համար մրցույթ է հայտարարվելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Մարզահամերգային համալիրի տնօրենի գործունեության մեջ հայտնաբերված չարաշահումները վերաբերել են հիմնականում ֆինանսական կողմին: Այսօր, կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտնեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Սերժ Սարգսյանի խնամու պահատեղիներում հայտնաբերվել է խոշոր գումար, 31 ոսկու ձուլակտոր

«Մի մասը վերաբերում է պահակախմբին: Տենդերով շահել է պահակախումբն այն պայմանով, որ պետք է 24 հոգի աշխատեն, բաց փաստացի աշխատում են 16 հոգի: Խոսքն ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է, որը վճարվում է այն գործի համար, որն իրականում չի կատարվում»,- ասաց Բաբայանը:

Ռիսկեր են հայտնաբերվել նաև սահադաշտի շահագործման տիրույթում: Բաբայանի խոսքով` այն մուտքերը, որոնք ցույց է տվել տնօրինությունը, իրականությանը չեն համապատասխանում: Պաշտոնյան վստահ է, որ իրականում ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից:

Ինչ վերաբերում է ՄՀՀ արդեն նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանին աշխատանքից հեռացնելուն, Նարեկ Բաբայանը հայտնեց` նա ծանուցված է եղել, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին, ու նոր պայմանագիր չի կնքվելու:

«Ըստ էության որոշումը պատրաստ էր, որ հուլիսի 1-ով պիտի ավարտվեր: Բայց հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի միջոցառումները` պայմանագիրը  երկարաձգվել է 5 ամսով: Դրանից հետո դարձյալ ծանուցվել է, որ նոր պայմանագիր չի կնքվելու»,- ասաց Բաբայանը:

Նա նաև հայտնեց, որ Նոր տարուց հետո ՄՀՀ տնօրենի թափուր մնացած տեղի համար մրցույթ է հայտարարվելու: