Կասեցվել է հիգիենայի պահանջների խախտմամբ գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեսչական մարմինը կասեցրել լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը։

«Վեոլիա ջուրը» տուգանվեց 5 մլն դրամով. ի՞նչ խախտումներ են բացահայտվել

Ինչպես տեղեկացնում են Սննդի անվտանգության տեսչության մամուլի ծառայությունից, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի և հրուշակեղենի արտադրամասում անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենայի ներկայացվող պահանջների խախտմամբ:

Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: