ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում նախատեսված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը, Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են, և այդ հարցը նախատեսվում է օրակարգում»,- ասաց նա:
Եթե բանակցություններն արդյունք չտվեցին, նախարարի պաշտոնակատարի խոսքով,գազի գինը կմնա անփոփոխ: Այդուհանդերձ, Բաղրամյանը չհերքեց, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում կա խնդի։ Նա չբացառեց, որ կվերանայվի այս մեխանիզմը: Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս չէր բացառել, որ դեկտեմբերի 6-ին նախանշված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ կքննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:
Հիշեցնենք `«Գազպրոմ» ընկերության` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար: Հայաստանի շարքային սպառողին նույն ծավալով գազը վաճառվում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիշերը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: