Պլաստիկե տոպրակների արտադրությունը մտահոգում է բնապահպանության նախարարի պաշտոնակատարին

Կառավարությունը կանաչ լույս տվեց նոր ընկերությանը, որն ուզում է արտոնյալ պայմաններով հումք ու սարքավորումներ ներմուծել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ տրամադրել պարենային ապրանքների փաթեթավորման արտադրությամբ զբաղվող «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը` նշելով, որ ընկերությունը ցանկանում է արտոնյալ պայմաններով հումք ու սարքավորումներ ներմուծել Հայաստան:

Հայաստանում մեկնարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը

«Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ»,- ասաց Խաչատրյանը: Այս առաջարկը, սակայն, անհանգստացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին:

«Այստեղ խնդիր կա: Աշխարհի շուրջ 60 երկիր այսօր սահմանափակել են պլաստիկի մեկանգամյա օգտագործումը»,- ասաց նա:

Ի պատասխան Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն առաջարկեց բնօգտագործման վճարներ կիրառել: Բայց բնապահպանության նախարարը մնաց անդրդվելի` հիշեցնելով, որ առաջիկա տարիներին Հայաստանում պլաստիկե տոպրակների արտադրությունն ընդհանրապես արգելվելու է:

Խաչատրյանն առաջարկեց այդ հարցը քննարկել հիշյալ կարգավորումներից հետո, իսկ այս պահին կառավարությունը նպատակահարմար գտավ կանաչ լույս տալ արտադրությանը:

Նորաստեղծ ընկերությունն առաջարկում է 2.5 մլրդ դրամի ներդրում, ևս 8.9 մլրդ դրամ էլ` հումք գնելու եղանակով: 56 աշխատատեղեր արդեն ստեղծվել են, ևս 50-ը նախատեսվում է ստեղծել (180 000 դրամ աշխատավարձով): Գործարանի արտադրանքի տարեկան ծավալը կկազմի 3 մլրդ դրամ, որից 2.5-ը կիրացվի ՀՀ-ում, մնացածը կարտահանվի ԵԱՏՄ: