Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵԱՏՄ–ում ինտեգրացումը խորացնելու համար

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը կարևորագույն դրական գործոններից է, որն ազդում է Հայաստանի տնտեսական աճի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵԱՏՄ–ում ինտեգրացումը խորացնելու համար։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհավորել է ռուսական կողմին հանդիպումը հիանալի կազմակերպելու և ավանդական ջերմ ընդունելության համար։

Նավթի և գազի միասնական շուկան 9 միլիարդ դոլար կավելացնի ԵԱՏՄ երկրների ՀՆԱ–ին. Պուտին

«ԵԱՏՄ–ին մասնակցությունը մեր կառավարության գործունեության գերակա ուղղություններից է։ ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոն, որն ազդում է երկրների տնտեսական աճի և արտաքին քաղաքական ներուժի վրա», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության աճը 2018թ.–ի առաջին 10 ամիսներին 2017թ.–ի նույն շրջանի համեմատ կազմել է 15 տոկոս, արտահանման ծավալն ավելացել է ավելի քամ 22 տոկոսով, իսկ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 11,7 տոկոս։

Ավելանում է ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում։

«Տվյալ փաստերը վկայում են ոչ միայն բարենպաստ իրադրության մասին, որը ստեղծվել է ԵԱՏՄ շուկայում մեր ապրանքների վերաբերյալ, այլ նաև միությունում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության», – նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ–ում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու մեջ, պատրաստ է հետագայում էլ բոլոր ջանքերը գործադրել ինտեգրացման ինստիտուտները կատարելագործելու և համագործակցության նոր ուղիներ և մեխանիզմներ որոնելու համար։

Նա նաև նշեց, որ Հայաստանը ողջունում է ինտեգրացիոն գործընթացները հետագայում ևս խորացնելու մասին հռչակագիրը և աջակցում դրա փիլիսոփայությունը և զարգացման հիմնական ուղղությունները որոշող դրույթներին։

«Մենք համոզված ենք, որ ինտեգրացումը կոչված է բիզնես վարելու և մարդային ներուժի լիարժեք իրագործման համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Որքան զգալի լինի առաջընթացն այդ հարցում, այնքան շատ տնտեսվարող սուբյեկտներ և առանձին անձիք շահագրգռված կլինեն ինտեգրացումը խորացնելու մեջ», – նշեց Փաշինյանը։

Նրա կարծիքով` ինտեգրացման գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե զուգահեռաբար նրանք տեսնեն, որ իրենց կյանքի պայմանները բարելավվում են։

Հայաստանի կառավարությունը թիրախավորել է տեխնոլոգիական հատվածների զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսական ամենաարագ զարգացող ոլորտն են և երկրների պոտենցիալ մրցակցային առավելությունը։

Հայաստանի գազի գնի վերանայման հարցը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում

«Դրա հետ կապված` մեզ համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգը։ Այն լիովին համահունչ է մեր գերակայություններին և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործման մեջ», – նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։ Երևանն աջակցում է 2019թ.–ին ԵԱՏՄ արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղություններին, ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին։

«Մենք գերակա ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև երկրների հետ, որոնք մեր անմիջական գործընկերներն են։ Հայաստանը պատրաստ է արդյունավետ հարթակ դառնալ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման համար», – նշել է Փաշինյանը։

Ազատ առևտուրն ընդլայնելու համար Հայաստանը պատրաստ է նաև ակտիվ դեր ունենալ Եգիպտոսի հետ բանակցություններում։ Երևանը շահագրգռված է Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը շուտափույթ կերպով ուժի մեջ մտցնելու մեջ։

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերի ներպետական ընթացակարգը և խորհրդարանական ընտրություններից հետո դրանք կուղարկի Ազգային ժողով` հաստատման։