«Նրանք մոռանում են, որ կաշառք չի լինի». փորձագետները` կուսակցությունների սխալների մասին

Քաղտեխնոլոգները գնահատել են նախընտրական քարոզարշավը և խոսել քաղաքական ուժերի հնարավորությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Նախընտրական քարոզարշավը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը մնացել են սարերի հետևում, իսկ հասարակությունը շարժվել է առաջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Փաշինյանի դաշինքը 70% քվե կստանա, իսկ ՀՀԿ–ն կարող է «չհասնել» խորհրդարան. սոցհարցում

«Քաղաքական ուժերը չեն նախապատրաստվել գալիք ընտրություններին։ Նրանք հնչեցնում էին այն կարծիքներն ու դիրքորոշումները, որոնք արդեն հնչել են 2017թ–ին և նույնիսկ 10 տարի առաջ», – ասաց Բադալյանը։

Ըստ նրա` նոր կուսակցությունները նաև չեն կարող լուրջ մրցակցություն դառնալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի համար։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ընտրություններին պետք է մասնակցեին միայն այն ուժերը, որոնք գոնե ստեղծվել էին ընտրական գործընթացի մեկնարկից 6-9 ամիս առաջ և այդ ընթացքում ակտիվ քաղաքականություն էին իրականացրել։

Իրականում ամեն ինչ այլ է. ուժերը, որոնց մասին դեռ մեկ ամիս ոչ ոք չէր լսել և չգիտեր, որոշեցին մասնակցել այս ընտրությանը։ Բադալյանի խոսքով` հասկանալի է, որ քարոզարշավի այդքան սեղմ ժամկետների պայմաններում նրանք չէին կարող ընտրողներին լիարժեք ներկայացնել իրենց ծրագրերը և գաղափարները։

«Քաղաքական ուժերը մոռանում են, որ այս ընտրություններում կաշառքներ չեն լինելու։ Միաժամանակ չկարողացան ներկայացնել հետաքրքիր, բովանդակալից ծրագրեր, իրենց քաղաքական օրակարգը», – նշեց Բադալյանը։

ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան

Դատելով քարոզարշավի ընթացքից` տպավորություն է ստեղծվում, որ պայքարը ծավալվում է երկու ուժերի` «Իմ քայլը» դաշինքի և ՀՀԿ–ի միջև։

Բադալյանի կանխատեսմամբ` ձայների մեծ տարբերությամբ նոր խորհրդարան կանցնեն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։

Ինտրիգն այն է, թե ով կդառնա երրորդ ուժը։ Բադալյանը կարծում է, որ հնարավորություններ ունեն ՀՀԿ–ն, «Լուսավոր Հայաստանը» և «Սասնա ծռերը» (ավելի քիչ)։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին հայտնեց, որ քաղաքական ուժերն անհեռատեսություն են դրսևորել։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսվել է դեռ մայիսին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո։

«Ոչ մեկի համար անակնկալ չէր, որ արտահերթ ընտրություն է լինելու։ Արդեն մայիսի 8–ին քաղաքական ուժերը պետք է սկսեին նախապատրաստվել։ Ես նույնիսկ զարմացա, որ ընտրությունը որոշեցին անցկացնել դեկտեմբերին, ոչ թե սեպտեմբերին», – լրագրողներին ասաց Հակոբյանը։

Այնուամենայնիվ, նախընտրական քարոզարշավն ապացուցեց, որ որոշ ուժեր մարտավարություն մշակել են և պատրաստվել են գալիք պայքարին։

Հակոբյանը կանխատեսեց, որ այս ընտրությանը կհաղթի «Իմ քայլը» դաշինքը։