Սկանդալային գաղտնալսման երկրորդ սերիան ցրեց Փաշինյանի միֆերը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի բացառում, որ Հայաստանի պաշտոնատար անձանց հեռախոսային բանակցությունները գաղտնալսվում են մինչև հիմա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների սկանդալային գաղտնալսման երկրորդ մասը ցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` երկրի դատական համակարգի անկախության և կոռուպցիայի բացակայության մասին միֆերը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանը խոսեց գաղտնալսման «երկրորդ սերիայի» մասին

Դեկտեմբերի 5–ին համացանցում հրապարակվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Փաշինյանի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցի ընթացքում Վանեցյանն ու Փաշինյանը քննարկում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքն ու հնարավոր հետևանքները։ Վանեցյանը, մասնավորապես, ասում է, որ Խաչատուրովի կալանքը կարող է «բարդացնել ռուսների հետ հարաբերությունները»։

«Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մոտեցում ունի և ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը», – ասաց Աշոտյանը։

Նրան անհանգստացնում է պաշտոնատար անձանց զրույցների գաղտնալսման փաստը։ Աշոտյանը չի բացառում, որ պաշտոնյաների հեռախոսազրույցների գաղտնալսումը շարունակվում է մինչև օրս։

Նա հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր վրա կոմպրոմատներ չկան, առավել ևս երկրի սահմաններից դուրս։

«Արդեն երկրորդ անգամ համոզվում ենք, որ կոմպրոմատներ կա՛ն։ Պարզվում է, որ կան դրսից ներկրվող կոմպրոմատներ։ Էլ ի՞նչ կա», – նշեց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։