Կառավարությունը մտադիր է լքել Արամ Հարությունյանից վարձակալած շենքը

Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ դրանք ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող գործարքներ են, բայց և չբացառեց, որ դրանց սեփականատերերը ևս որոշեն իրենց գույքը վերադարձնել պետությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արամ Հարությունյանը Երևանի Հանրապետության հրապարակին հարակից հատվածում գտնվող իր գույքը կառավարությանը վարձակալության հանձնել է շուկայականից ոչ թանկ գնով: Այսօր լրագրողներին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Պաշտոնյան մանրամասներ է հայտնել ՄՀՀ-ում բացահայտված չարաշահումներից

«Կառավարությունը, իր կարիքներից ելնելով, ստիպված այդտեղից վարձակալել է, և հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին պետական կառույցները տեղավորենք»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ խոսքը ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի վարձակալած տարածքների մասին է:

Իսկ ինչ վերաբերում է տվյալ շենքի ձեռքբերման գործարքի և համանման այլ գործարքների օրինականությունն ու վճարված արժեքը ստուգելուն, Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ դրանք ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող գործարքներ են, բայց և չբացառեց, որ դրանց սեփականատերերը ևս որոշեն իրենց գույքը վերադարձնել պետությանը:

Հիշեցնենք` Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործ մասին գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, ր Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենքը, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար: