ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը (American Film Institute, AFI) հրապարակել է 2018 թվականի տասը լավագույն ֆիլմերի ցանկը։
AFI–ի վարկածով կինեմատոգրաֆի լավագույն ստեղծագործությունների տասնյակում են Բրեդլի Կուպերի «Աստղը ծնվել է» դրաման` Լեդի Գագան գլխավոր դերում, «Սև հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը և «Խաղաղ տեղ» սարսափ ֆիլմը։
Ինստիտուտը տասնյակում ներառել է նաև Բո Բերնեմի «8-րդ դասարան», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում է», պատմական թեմաներով Սփայք Լիի «Կլանի սև անդամը», Բարի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Յորգոս Լանթիմոսի «Ֆավորիտուհի» և Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը» ֆիլմերը։
Ցանկում ընդգրկվել է նաև ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը, որը սեպտեմբերին Տորոնտոյում 43-րդ Միջազգային կինոփառատոնին գրան պրի է նվաճել։ Կինոքննադատները նշել են նաև Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» սև–սպիտակ ֆիլմը, որտեղ պատմվում է 1970-ականներին մեքսիկացի ապահով ընտանիքի կյանքի մասին։
Հարկ է նշել, որ նոյեմբերի վերջին «Կանաչ գիրքը» ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով լավագույն ֆիլմ գնահատվեց։ Ավելի վաղ Time ամսագիրը «Հռոմ» ֆիլմը 2018 թվականի լավագույն ֆիլմ էր ճանաչել։