ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Սերբիայի կենտրոնական գյուղերից մեկում Բելկա անունով այծը կերել է տանտերերի 20 հազար եվրո կանխիկ գումարը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի arandjelovacinfo կայքին։
Բելգրադից 80 կմ հեռավորության վրա գտնվող Ռանիլովիչ գյուղի Սիմիչ ընտանիքը 20 հազար եվրո կանխիկ գումար էր հավաքել` 10 հեկտար հող գնելու համար։ Նրանք հաշվել են փողերը և, վաճառողին սպասելով, դրել սեղանին:
«Սկեսրայրս առավոտյան դուրս է եկել` ընտանի կենդանիներին կերակրելու, բայց չի նկատել, որ տան դուռը բաց է մնացել։ Բելկա այծը, որը մի քանի տարի ապրում է մեզ մոտ, մտել է տուն և սկսել է ուտել սեղանին դրված փողերը», – լրագրողներին պատմել է Միլենա Սիմիչը։
Պատմության շարունակությունը պակաս ծիծաղելի չէ, բայց ավարտը բավական տխուր է։
«Երբ մենք խշխշոց և աղմուկ լսեցինք, ամուսինս մոտեցավ նայելու, թե ինչ է կատարվում, և նա քիչ մնացած կաթված ստանար։ Բելկան կերել էր բոլոր փողերը, մնացել էր միայն 300 եվրո, մնացածը կրծոտել էր և կուլ տվել։ Ամուսինս դրանից հետո լուռ է, նստած նայում է մի կետի», – պատմել է կինը։
Կայքի տվյալներով` այծի միսը շամփուրների վրա խորովել են։