Ադրբեջանը «Բալ Է» չի ստանա. Ռուսաստանը հրաժարվել է մատակարարել հրթիռները

Ռուսական կողմը եկել է այն եզրահանգման, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանի զինված ուժերին «Բալ Է» առափնյա հրթիռային համալիր (ԱՀՀ) մատակարարել։ Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ թերթի տեղեկատվությունների՝ ռուսական կողմը եկել է այն եզրահանգման, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:

Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով

Նշում է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը նախաստորագրել էին պարտավորագիր, որը նախատեսում էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի ու մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ Է»-ի մատակարարումների թեման չի քննարկվում, քանի որ առկա է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չենք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:

Նշվում է նաև, որ «Բալ -Է»-ի մատակարարման չեղարկումը դժվար թե հանգեցնի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցմանը: