Հակոբ Ասատրյան, Sputnik Արմենիայի համար.
Հովհաննես Թումանյանի թոռնուհին` Սեդա Թումանյանի և բժիշկ Ռուբեն Սաֆրազբեկյանի դուստր Իրմա Սաֆրազբեկյանը, որն այժմ ապրում է Գերմանիայում, երբեք չի մտածել, թե ինչ հարց կտար պապին, եթե հանկարծ կանգնած լիներ նրա առջև։ Հանրահայտ գրողի թոռնուհին այս մասին ասել է Չեխիայում Հայաստանի դեսպանության սրահում, որտեղ օրերս տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված հանդիպում-երեկո։
«Դժվար հարց է, երբևէ չեմ մտածել այդ մասին, բայց կհարցնեի` ինչու իր բալիկներին շատ ժամանակ չի հատկացրել»,– ասել է մեծ բանաստեղծի թոռնուհին։
Հայտնի է, որ Թումանյանը շատ է սիրել իր երեխաներին և իր գրած հեքիաթները կամ մանկական ոտանավորներն առաջինը կարդացել է իր երեխաների համար։ Նրանք են դարձել նաև իր առաջին ընթերցողները։ Թումանյանի դստեր՝ Աշխենի գլխավորությամբ իրենց հայրիկի գրած հեքիաթներով բեմադրել են ներկայացումներ, ասմունքի երեկոներ անցկացրել։ Լինելով բնատուր տաղանդ` Թումանյանն իր պատմությունները վերցրել է իրական կյանքից, իր շրջապատից ու իր համագյուղացիների պատմություններից։
Նա նաև այնչափ նվիրված է եղել իր հայրենակիցներին, թե՛ ֆինանսապես և թե՛ բարոյապես աջակցել է հազարավոր մարդկանց` ավելի շատ ժամանակ տրամադրելով իր ժողովրդի հոգսերին, քան իր ընտանիքին։ Թումանյանի ընտանիքը մշտապես գումարի կարիք է ունեցել, իսկ երբ մեծ պոետին գումար են տվել, նա կա՛մ արժեքավոր գրքեր է գնել, կա՛մ էլ օգնել է անծանոթներին։ Թոռնուհին հիշեց նման մի դեպք, թե ինչպես է մեծ բանաստեղծը ծախսել Բաքվից իրեն ուղարկած 320 հազար ռուբլին։
Հանդիպման ժամանակ թոռնուհին ասել է, որ եթե հնարավորություն ունենար փոխելու Թումանյանի գործերից որևէ մեկը, ապա այլ կերպ կգրեր «Գիքոր» պատմվածքի վերջաբանը։ Նա նշել է, որ շատ է սիրում պապի քառյակները, ապա՝ «Քաջ Նազարը», իսկ բալլադներից՝ «Փարվանան»։ Թումանյանին լավ ճանաչելու համար նա խորհուրդ է տվել կարդալ մեծ պոետի հոդվածները։
«Իսկական Թումանյանն իր հոդվածներում է»,- ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք արժե Թումանյանի աճյունը տեղափոխել Հայաստան, տիկին Իրման ասել է, որ դեռևս 1969 թվականին, երբ նշվում էր Թումանյանի 100-ամյակը, այդ խնդիրը կրկին բարձրացվել է, և նրա կինը՝ տիկին Օլգան, ասել է, որ «Հովհաննեսին եթե բերեն Հայաստան, Խոջիվանքը կդատարկվի»։
Այժմ, թոռնուհու կարծիքով, ճիշտ կլիներ, ինչպես հաճախ ընդունված է անել, նրա գերեզմանից գոնե մի մասունք բերվեր Հայաստան և տեղադրվեր Կոմիտասի անվան պանթեոնում։ Հայտնի է, որ Թումանյանի սիրտը դեռևս 1994 թվականին հանել են Երևանի անատոմիկից և հուղարկավորել Դսեղում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Իրմա Սաֆրազբեկյանի վերջին գիրքը՝ «Օլգա Թումանյանը»։ Գիրքը նվիրված է նրա տատիկին՝ Թումանյանի կնոջը՝ Օլգա Թումանյանին։ 2018-ի սկզբին լույս էր տեսել մենագրության ռուսերեն տարբերակը, իսկ սեպտեմբերին՝ հայերենը, որն էլ առաջին անգամ ներկայացվեց Պրահայում՝ այս հանդիպման ընթացքում։
Թումանյան անհատականության կյանքում մեծ դեր է խաղացել նրա կինը՝ Օլգա Թումանյանը, որը ծնել ու դաստիարակել է 10 երեխայի, և վառ պահել Թումանյանական օջախը։ Թոռնուհու խոսքով` եթե չլիներ Օլգան, պարզ չէ, թե ինչ վիճակում կլիներ Թումանյանի ընտանիքը։
Թոռնուհին նշել է նաև, որ Թումանյանը շատ մոտ է եղել վրաց մտավորականների, գրողների հետ, և իր առաջին թոշակը ստացել է Վրաստանից, որից մի քանի ամիս շարունակ հատկացումներ է արել Ռուսաստանի և Հայաստանի սովյալներին։
Նա անդրադարձել է նաև Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին` նշելով, որ լավ կլիներ` այդ հոբելյանները միասին նշվեին, քանի որ իրական կյանքում էլ Կոմիտասն ու Թումանյանը շատ մոտ են եղել միմյանց և եղել են լավ բարեկամներ։
Թումանյանի 150–ամյակին նվիրված հանդիպում-երեկոն կազմակերպել է «ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը՝ Հայաստանի դեսպանության հովանավորությամբ։