Փաշինյանը Պուտինի հետ Ռուսաստանում կքննարկի գազի գնի հարցը

Գազի գնի հարցը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուշադրության կենտրոնում է։ Դեկտեմբերի 6-ին նա կանդրադառնա այդ հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ դեկտեմբերի 6-ին նախանշված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ կքննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը։

Այս մասին այսօր Փաշինյանն ասել է լրագրողների հետ զրույցում։

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն գազի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը

Իսկ մինչ այդ, այս պահին Փաշինյանը շարքային սպառողներին ոչ մի նոր բան չունի ասելու, քանի որ գազի գնի նվազեցման շուրջ ռուսական կողմի հետ համաձայնություն ձեռք չի բերվել։

Նա նշեց նաև, որ գազի գնի հիմնավորումների շուրջ ՊԵԿ–ն այս պահին քննություն է իրականացնում գազալցակայաններում։

«Վերջին ամիսների ընթացքում շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է։ Այսինքն` հեղափոխությունից հետո մի քանի շաբաթվա մեջ կրկնապատկվել է։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է մարդիկ ստվերո՞ւմ են աշխատել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս հարցը պետք է հետաքննվի։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև գազամատակարարման համակարգի էֆեկտիվությունը քննելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք` «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։

Հայաստանի շարքային սպառողին նույն ծավալով գազը վաճառվում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։