Փաշինյանը չի կարևորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզված է` ՀԱՊԿ–ում ավելի կարևոր հարցեր կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ամենագլխավոր հարցը չէ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների, անդամ պետությունների ՀԱՊԿ–ի առաջ ստանձնած պարտավորությունների ու ՀԱՊԿ–ի` անդամ երկրների առաջ ստանձնած պարտավորությունների կատարման հարցն է»,– ասաց Փաշինյանը։

Ո՞վ է առաջարկել հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի օգնականը հնչեցրել է իր տարբերակը

Իսկ գլխավոր քարտուղարի հարցն, ըստ Փաշինյանի, առանցքային չէ։

Անդրադառնալով նոյեմբերի 6-ին նախանշված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին` Փաշինյանը չբացառեց, որ առիթի դեպքում անպայման խոսելու է Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի և ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին` Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը դրանց պատասխանել է վարչապետի մակարդակով և ԱԳՆ խոսնակին պատասխանելու մտադրություն չունի։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լռության մատնել Հայաստանի ազգային շահերին վերաբերող որևէ հարց և շարունակելու է պաշտպանել դրանք` հավելելով, որ իր զրուցակիցը Բելառուսի նախագահն է։

Հիշեցնենք` Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը։