Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ–ում ու ԵԱՏՄ–ում Հայաստանի գլխավոր խնդրի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ ՀԱՊԿ–ի որոշ երկրները միջազգային այլ հարթակներում հաճախ Հայաստանի շահերի դեմ են քվեարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը խնդիր է դրել ավելի արդյունավետ դարձնել ՀԱՊԿ–ի անդամակցությունը։ «Ռոսիա 24»–ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տարածաշրջանը, ցավոք, այդքան էլ կայուն չէ։ ՀԱՊԿ–ն անվտանգության համակարգ է։ Կազմակերպության անդամ երկրները դե յուրե մեր դաշնակիցներն են։ Մեզ համար շատ կարևոր է ճշտել փոխադարձ պարտավորությունները», – նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ռազմատեխնիկական ու ռազմավարական առումով գլխավոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն Երևանի համար կարևոր է ճշտել այս կազմակերպության այլ անդամների դիրքորոշումները, այդ թվում ` նաև ղարաբաղյան հակամարտության հարցում։

Փաշինյանը չի կարևորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը

Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրներից շատերը տարիներ շարունակ այլ միջազգային հարթակներում հաճախ քվեարկել են Հայաստանի շահերի դեմ, և նրանք չեն կարող Հայաստանին մեղադրել, որ երբևիցե քվեարկել է իր գործընկերների շահերի դեմ։

«Մենք ասում ենք, որ իրավիճակը պետք է ուղղել ու սինխրոնացնել անդամ երկրների դիրքորոշումները», – ավելացրել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը որպես դիրքորոշումների համադրության ու հստակեցման մեխանիզմ է նշել երկխոսությունը, ինչպես նաև կազմակերպության քարտուղարության հետևողական աշխատանքը։ Նրա խոսքով` հիմա ուշադրությունը սևեռվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, բայց դա ընդամենը սառցաբեկորի վերին մասն է։

«Անձի խնդիրն ամենակարևորը չէ։ Ավելի կարևոր է կազմակերպության էությունը։ Մեր գլխավոր նպատակը կառույցի հեղինակության բարձրացումն է քաղաքական և ռազմավարական առումով», – նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ գործառույթներին` Փաշինյանը նշել է, որ Երևանը գլխավոր խնդիր է համարում տնտեսական միավորման ներսում առևտրային խոչընդոտների հաղթահարումը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ–ում օրենսդրական, գործնական ու լոգիստիկ արգելքների թիվը 100–ի է հասնում։ Հայաստանի համար կարևոր է նաև նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումը։