Կա՛մ Շահնազարյանը պարզաբանում պիտի տա, կա՛մ նա ստում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Եթե Դավիթ Շահնազարյանը խոսում է Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ դավադրություն կազմակերպելու մասին, թող պարզաբանումներ տա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն։

Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց` ինչու չի ներկայացել ԱԱԾ

Հիշեցնենք` Շահնազարյանը, անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, հայտարարել է, որ «այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն»։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Դավիթ Շահնազարյանին հրավիրել է հարցաքննության, սակայն նա չի գնացել։

Փաշինյանն ընդգծեց, որ ԱԱԾ–ն, Շահնազարյանին ցուցմունք տալու կանչելով, չի փորձել նրա վրա ճնշում գործադրել։

«Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Թող մարդիկ փաստեր ներկայացնեն՝ ինչ դավադրություն է: Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե կա քաղաքական դավադրություն կամ կա ստախոսություն», – ասաց Փաշինյանը։

Դիտարկմանը, թե Շահնազարյանն ասել է, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել, իսկ վարչապետի պաշտոնակատարին էլ մեղադրում են ԱԱԾ-ն որպես սպառնալիքի գործիք օգտագործելու մեջ, Փաշինյանն արձագանքեց.

«Քաղաքական հայտարարություն են անո՞ւմ, ես էլ քաղաքական հայտարարություն եմ անում, որ լուրջ վարկածներ ունեմ, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են, և նրանք դավադիր պատերազմի հրձիգներ են. քաղաքական հայտարարություն։ Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարարություն անել՝ ասելով, որ այդ քաղաքական ուժը քաղաքական հոգեվարքի մեջ է։ Բայց, ես՝ որպես վարչապետի պաշտոնակատար, պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել: Մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դրան»։

Նշենք, որ մեկնաբանելով «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, թե «թավշյա հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, Շահնազարյանը մասնավորապես նշել է, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»։

ԱԱԾ–ն կարծում է, որ Շահնազարյանն իր հայտարարությամբ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրել է պետական դավաճանության մեջ: