Քննչական կոմիտեն ՍՈւ-25-ի վթարի պատճառների մի քանի աշխատանքային վարկած է մշակել

Քննիչները մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ են կատարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ուսումնամարզական թռիչք իրականացրած ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի վայր է համարվում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը:

Շիրակում կործանված ՍՈւ-25–ի սև արկղը հայտնաբերվել է

«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմանում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ: