ՀՀԿ–ի պատգամավորների թեկնածուները հրավիրվել են ոստիկանություն

Արմեն Աշոտյանը հայտնում է, որ իրավապահ մարմիններ հրավիրված ՀՀԿ թեկնածուների ցանկը Դավիթ Շահնազարյանով չի սահմանափակվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Արփինե Հովհաննիսյանին ու Արմեն Աշոտյանին ևս հրավիրել են ոստիկանություն։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված։ Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էր ԱԱԾ, բայց հրաժարվել էր ներկայանալ։

Ավելի ուշ հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր, որ դա համարում է քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակավ տվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։