Շիրակում կործանված ՍՈւ-25–ի սև արկղը հայտնաբերվել է

Ուսումնամարզական թռիչք իրականացնող Սու-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից

Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։