ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթանում, չնայած այն հանգամանքին, որ մարդկանց խոսքում առկա են ատելության տարեր։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։
Նրա խոսքով` 2017թ.–ին իրենք փորձել են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, բայց Հայաստանի ԿԸՀ–ը մերժել է նրանց դիմումը։
Այս անգամ ԿԸՀ–ը թափանցիկ է աշխատում։ Նիստերը հեռարձակվել են հեռուստատեսությամբ և առցանց ռեժիմով։ Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ENEMO–ին չի ներկայացրել միջազգային կազմակերպությունների քանակը և ընտրություններին մասնակցող դիտորդների թիվը։ Վույովիչի խոսքով` զարմանալի է, որ ԿԸՀ նույն կազմն այս անգամ ավելի արդյունավետ աշխատանք է իրականացնում, քան նախկինում։
«Այս տարի մենք զգալի փոփոխություններ ենք տեսնում` չնայած նրան, որ ԿԸՀ կազմը գրեթե նույնն է, ինչ անցած տարի», – ասաց Վույովիչը։
Քարոզարշավին նախնական գնահատականներ է տվել երկարաժամկետ դիտորդների խումբը, որն աշխատում է նոյեմբերի 12–ից։ Նախընտրական քարոզարշավն ընթանում է խաղաղ պայմաններում, թեև եղել են փոքր խախտումներ։
«Մենք լուրջ միջադեպեր չենք գրանցել, քարոզարշավն ընթանում է խաղաղ պայմաններում։ Բայց նկատվել են ատելություն դրսևորելու դեպքեր։ Նախորդ ընտրությունների համեմատ մենք նկատել ենք վարչական ռեսուրսի օգտագործման զգալի նվազում», – ասաց Վույովիչը։
Դիտորդը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հայտարարություններ է արել ստորին օղակի պաշտոնյաների մասին, որոնք կարելի է ընկալել որպես սպառնալիք։
Սակայն ատելության բոլոր այդ դրսևորումներն ավելի աննշան են, քան ավելի ժողովրդավարական երկրներում։ Վույովիչի խոսքով` նրանք ընդհանուր առմամբ «հաճելիորեն» զարմացած են քարոզարշավի հանգիստ ընթացքով։
Միակ բանը, որն առաջացնում է իրենց մտահոգությունը` արդյո՞ք նման իրավիճակը ժամանակավոր կլինի, թե՞ ոչ։ Ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը տեսանելի է, բայց ավելի կարևոր է, որպեսզի լինեն ուժեղ և անկախ ինստիտուտներ, որոնք կպաշտպանեն արդար ընտրությունները։
Առաքելության կողմից ընտրություններում ներգրավված են մոտ 70 դիտորդներ, նրանք կհետևեն ընտրատեղամասերի 1/5–ին։ Առաքելությունը նոյեմբերի 12–ից սկսել է իր գործունեությունը Հայաստանում (Կապան, Երևան, Գյումրի և Իջևան քաղաքներում) և ընտրություններից հետո Հայաստանում կմնա ևս 6 շաբաթ։ Նրանք ծրագրում են ընտրությունների ընթացքում հետևել 450 ընտրատեղամասի, ինչը կազմում է ընդհանուր թվի մոտ 22 տոկոսը։ Ընտրություններից մեկ ամիս հետո նրանք կներկայացնեն դիտման վերջնական արդյունքները։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26–ին։ Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։