Երևանում փնտրում են 63-ամյա տղամարդուն. իջեցվել է ջրանցքի ջրի մակարդակը

Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կորեայի ձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. 63 տարեկան տղամարդը Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «911» ծառայությունն այս մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին:

Երևանում 17 տարեկան տղայի են դանակահարել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ։ Նա նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որը անհետ կորած Ն. Բ.-ի (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցկացրել է հոգեբանական զրույց:

Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը:

«Քանաքեռ ՀԷԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ ջրի մակարդակը իջեցվել է։

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:27-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: