ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Գործարար Սիլվա Համբարձումյանն առաջիկայում կկանգնի դատարանի առաջ։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի։
«Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով»,– հայտնում են գրասենյակից։
Շուրջ 1 ամիս առաջ` նոյեմբերի 13-ին դատարան ներկայացված հայցադիմումի հիմքում 2018թ.–ի նոյեմբերի 2-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն է, ըստ որի 2008 թվականին ինքը խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հիշեցնենք` Սիլվա Համբարձումյանն այդ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ տարիներ առաջ կաշառք է տվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև Սերժ Սարգսյանին ու բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։
Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել է, որ առանձնապես խոշոր չափերի կաշառքի ու փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին այն բանի համար, որ նա 2008թ.–ին, զբաղեցնելով նախարարի և «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի պաշտոնները, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:
Ըստ գործի նյութերի` կաշառք վերցրած գումարներն Արամ Հարությունյանը լվացել է այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ կատարելու եղանակով` թաքցնելով դրանց հանցավոր ծագումը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին` պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համաձայնություն ստանալու համար։
Այդ հարցով ԱԺ նիստն այսօր չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Հերթական նիստը նշանակված է վաղն առավոտյան։