ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով` հայկական կողմն իր խնդրանքը բացատրել է ԱԺ առաջիկա ընտրությունների նախընտրական շրջանով։ Նա նաև ավելացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկել է գագաթնաժողովը չանցկացնել ստեղծված իրավիճակի պատճառով, իսկ հետագայում աշխատանքային կարգով քննարկել խնդիրը։ Փաշինյանը համաձայնել է, որովհետև կարծում է՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր դարձել նրա տեղակալ` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը պետք է պահպանի պաշտոնը։ Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ հայտարարել են, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նպատակահարմար չէ պաշտոնը կրկին Հայաստանին փոխանցելը։