ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում էլեկտրոնային սիգարետները կհարկվեն ակցիզային հարկով այնպես, ինչպես սովորականները, հարկային օրենսգրքում նախատեսվող բարեփոխումների փաթեթը ներկայացնելիս` լրագրողներին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա նաև թունդ ալկոհոլի համար, ինչպես նաև գարեջրի», – ավելացրեց նա։ Դրույքաչափը կմնա 30%, բայց կբարձրանա դրա մինիմումը մեկ լիտրի դիմաց. առաջիկա երեք տարիների ընթացքում առաջարկվում է 105 դրամից հասցնել 150 դրամի։
Նշենք, որ բարձրացումը նախատեսված է Եվրասիական միության շրջանակում ստորագրված համաձայնագրերով։ ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են մոտարկել ակցիզի դրույքաչափերը։ Հիմա դրանք Հայաստանում համեմատաբար ցածր են. վերահաշվարկով` 13 եվրո 1000 հատի դիմաց, այն դեպքում երբ Ռուսաստանում 22 եվրո է։
Հայաստանում օղու ակցիզային հարկը 73% է, բայց ոչ պակաս, քան 725 դրամ մեկ լիտրի դիմաց։ 2019 թվականից այն արդեն 84% կդառնա և ոչ պակաս, քան 835 դրամ։ Ծխախոտի ակցիզային հարկը 15% է, բայց ոչ պակաս, քան 7 257 դրամ 1000 հատի դիմաց (չշփոթել տուփի հետ)։ 2019 թվականին կլինի նույն 15%–ը, բայց ոչ պակաս, քան 8 370 դրամ 1000 հատի դիմաց։
ԵԱՏՄ–ում էլեկտրոնային ծխախոտի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց հայկական կողմը որոշել է ակցիզ կիրառել նաև այստեղ։ Քանի որ բոլոր նրանք, ովքեր ծխում են (կապ չունի` ինչ են ծխում), պետք է ակցիզային հարկ վճարեն, կարծում են ֆինանսների նախարարությունում։
Հիշեցնենք, որ ակցիզային հարկ են առաջարկում կիրառել նաև շաքարի բարձր պարունակություն (5%-ից ավել) ունեցող ըմպելիքների վրա։ Այն 10% կկազմի, բայց ոչ պակաս, քան 30 դրամ մեկ լիտրի դիմաց։
Քննարկվել է նաև ակցիզային հարկ կիրառել նաև բջջային կապի և թանկարժեք ավտոմեքենաների համար, սակայն այդ տարբերակները որոշել են դեռ հետաձգել։