Դավիթ Շահնազարյանը ՀՀ իշխանությանը մեղադրում է Արցախի շահերը դավաճանելու մեջ

ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականում ներկայացված Դավիթ Շահնազարյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունը վերարտադրության է ձգտում Լեռնային Ղարաբաղի շահերի հաշվին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Այն քաղաքականությունը, որ վարում է ներկա իշխանությունը Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Փաշինյանի նախկին գործընկերը մեղադրել է նրան քաղաքական համակարգն ապակայունացնելու մեջ

Հակաղարաբաղյան քաղաքականության դրսևորումների մեկը նա համարում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը։ Նրա խոսքով` Հայաստանն այդ կարևոր պաշտոնը կորցրեց մի իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի։

Նա ևս մի ձախողում համարեց բանակցությունների օրակարգից Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները դուրս մղելը։ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ:

«Երբ եռանախագահները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկա այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է, և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար»,- ասաց նա։

Նրա խոսքով` կողմերը հիմա բանակցում են Արցախի կարգավիճակի և անվտանգության շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Ըստ Շահնազարյանի` Փաշինյանի խոսքերը վկայում են, որ այդ «կարգավիճակ» և «անվտանգություն» հասկացությունները տարանջատվել են։ Նախկինում գործել է «կարգավիճակ տարածքների փոխարեն» բանաձևը։

«Երբ մենք կիսում ենք դրանք, նշանակում է, որ կարգավիճակից բացի, կարող են լինել անվտանգության այլ երաշխիքներ։ Դա Փաշինյանի իշխանության բացթողումն է», – ասաց Շահնազարյանը։ Նա իշխանությանը մեղադրեց նաև նրանում, որ համաձայնել է միջազգային հանրության և, մասնավորապես, Վաշինգտոնի կողմից պարբերաբար հնչած կարգավորման տարբերակներին։

Նրա խոսքով` նախկին իշխանությունների օրոք ստորագրվել է Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը, որի ներածականում ամրագրվել են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները` ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժ չկիրառելը կամ ուժի սպառնալիք չկիրառելը։ Նման փաստաթուղթ պետք է ստորագրեին նաև Ադրբեջանի հետ, սակայն վերջին շրջանում հայտնի է դարձել, որ փաստաթղթում տեղ են գտել այլ, Ադրբեջանին ձեռնտու ձևակերպումներ։ Ըստ Շահնազարյանի` ԵՄ–ի` նախկին ձևակերպումներից նահանջելը վկայում է, որ հայկական դիվանագիտությունը ձախողվել է նաև եվրոպական ուղղությամբ։