ՀՀԿ–ական պատգամավորին անձեռնմխելիությունից չեն զրկի՞. ԱԺ–ում սպասում են քվորումին

Գործընկերոջը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդարանը սպասում է բացականերին: Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց` մինչև քվորումի ապահովումը: Այդ հարցով հրավիրված ԱԺ նիստին այս պահին ներկա է 14 պատգամավոր` «Ելք», ՀՅԴ, ԲՀԿ խմբակցության մի քանի ներկայացուցիչներ և ՀՀԿ–ն լքած երեք պատգմավոր:

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. «Ժողովուրդ»

«Ամեն դեպքում մենք պետք է սպասենք, որովհետև ԱԺ Կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նիստը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Բաբլոյանը, որն այս պահին նիստին ներկա միակ հանրապետական պատգամավորն է:

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ իր հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ չի բացառում, որ ԱԺ–ում հարցի որոշման համար քվորում չապահովվի, և Արամ Հարությունյանի կալանքի հարցը կհետաձգվի: