Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. «Ժողովուրդ»

Թերթը նոր մանրամասներ է իմացել պատգամավոր Արամ Հարությունյանի աղմկահարույց գործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի քրեական գործով կան նաև կալանավորվածներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Գործարար Սիլվա Համբարձումյանն այս գործով ցուցմունք է տվել, որ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին և Վիկտոր Մարտիրոսյանին, և հիմա նրանք կալանավորված են»,– նշած է հոդվածում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն հայտնի էր դարձել, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ի դեպ, այդ հայտարարությունից հետո Հարությունյանն այլևս ԱԺ-ում չի երևացել:

Ամիսներ անց այս տեղեկությունը հաստատվեց: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն ստանալու համար: