Աննա Մելիքյանի «տանջանքների մեջ ծնվածը» ռեկորդ է գրանցել բարեգործական աճուրդում

Գրող և սցենարիստ Ալեքսանդր Ցիպկինն ուրախացել է գործընկերոջ համար և շնորհավորել կազմակերպիչներին` նշելով, որ Մելիքյանի ֆիլմի հաջողությունը կօգնի շատերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Քնքշություն» ֆիլմը ռեկորդային` 13 միլիոն ռուբլի է վաստակել Action ամենամյա բարեգործական փառատոն–աճուրդում։

Գումարը փոխանցվել է Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին, ինչի մասին հաղորդել է դերասանի կինը` Օլգա Լիտվինովան,  Instagram–ի իր էջում։

«Շնորհակալություն բոլոր ստեղծողներին, սա իսկական հրաշք է», – գրել է Լիտվինովան Instagram–ում։

Ֆիլմի սցենարի հեղինակը` Ալեքսանդր Ցիպկինը, Instagram–ի իր էջում հրապարակել է Մելիքյանի և Խաբենսկու լուսանկարը։

«Երբեք նման բան չի եղել։ Երեկ Action բարեգործական փառատոն–աճուրդում Աննա Մելիքյանի ֆիլմը` մեր համատեղ սցենարով` ծնված նրա տառապանքներից, վաճառվել է 13 միլիոն ռուբլի ռեկորդային գնով։ Գերազանցվել է անցած տարվա ռեկորդը` 11 միլիոնը, որը գրանցել էինք ես ու Քսենյա Ռապոպորտը։ Հուսով եմ, որ այս տարի ֆիլմը գնած բարերարները բարեհաճ կգտնվեն և թույլ կտան բոլոր ցանկացողներին դիտել այն։ Ֆիլմում խաղացել են Վիկա Իսակովան, Եվգենի Ցիգանովը, կադրից դուրս հնչում է Կոնստանտին Խաբենսկու մոգական ձայնը։ Շնորհակալություն Action–ի կազմակերպիչներին», – գրել է Ցիպկինը։

Նշենք, որ դեկտեմբերի 2–ին, արդեն 7–րդ անգամ, տեղի է ունեցել «Action!2018» ամենամյա սուրբծննդյան բարեգործական երեկոն։

ՄԻջոցառման շրջանակում տեղի է ունեցել առաջատար ռուսական բարեգործական հիմնադրամների նվիրատվությունների հավաք։

Մելիքյանից բացի երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև այլ ռուս ռեժիսորների` Տիմուր Բեկմամբետովի, Բորիս Խլեբնիկովի, Կոնստանտին Խաբենսկու և այլոց ֆիլմերը։