Մահացել է հանրահայտ վիրաբույժ Պավել Անանիկյանը

Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Խորը ցավով տեղեկացա, որ 88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Պետրոսի Անանիկյանը: Մեծանուն բժշկի հարազատներին և մերձավորներին մեր ցավակցությունն եմ հայտնում` իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից»,– նշված է ցավակցական ուղերձում։

Մահացել է հանրահայտ վիրաբույժ Պավել Անանիկյանը

Պավել Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ): Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիներ աշխատել, նաև ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ: