Նոր գեղեցկուհու հետ և առանց դիզայների. որքան կարժենա Երևանի գլխավոր տոնածառը

Երևանի տոնական միջոցառումները կզարդարի 37 մետր բարձրություն ունեցող տոնածառը, որի վրա կլինի 1500 խաղալիք և 200 կմ լույս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը Ամանորի գլխավոր տոնածառի համար 70 մլն դրամ է ծախսել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Տոներն են մոտենում․ Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը. լուսանկարներ

35-մետրանոց (ևս 2 մետր գագաթը) գլխավոր տոնածառի (որը, ի դեպ, ամբողջությամբ արհեստական է և ռուսական արտադրության) արժեքի մեջ ներառվում է տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիքն ու ավելի քան 200 կմ լուսադիոդային լամպերով շղթան։

«Հին տոնածառը քաղաքը զարդարել է 13 տարի։ Բացի հնացած դիզայնից, տոնածառը նաև մաշվել էր. մետաղական կմախքի վրա արդեն ժանգ էր գոյացել։ Նոր տոնածառ գնելն ու տեղափոխվելը մի քանի շաբաթ է տևել։ Գլխավոր տոնածառն իր ամբողջ շքեղությամբ կներկայանա դեկտեմբերի 15-ից հետո», – ընդգծեց Կարապետյանը։

Երևանի այս տարվա տոնական հարդարանքն անցած տարվա համեմատ շատ չի փոխվել` հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Բացի այդ, լրիվ նոր դիզայնն ավելի թանկ կարժենար։

Վարչական շրջանների գլխավոր տոնածառերը չեն փոխվի, բայց գուցե մի փոքր շտկեն դիզայնը։ Գագա Ամատունին, ի դեպ, այլևս մայրաքաղաքի գլխավոր դիզայները չէ, նրա պաշտոնը դեռ թափուր է։ Սակայն դա ամենևին էլ չի խանգարում նախապատրաստվել տոնական միջոցառումներին, որոնք իրենց հունով են ընթանում։