Դեկտեմբերի 7-ին քարոզչություն չենք իրականացնի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հուսով է, որ քաղաքացիները ներողամիտ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի 30-րդ տարելիցն է, և մենք այդ օրը քարոզչություն չենք իրականացնի: Այսօր Մասիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ օրը լինելու են աղետի գոտում։

Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության արտագնա նիստը կանցկացվի Գյումրիում, Փաշինյանը կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ դեկտեմբերի 6-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

«Քարոզչության այդ մի օրը բաց կթողնեմ, բայց հույս ունեմ՝ ՀՀ քաղաքացիները դրան ներողամտորեն կվերաբերվեն, մանավանդ, որ վաղը մենք ամփոփում ենք մարզերով մեր այցելությունները, ևս մեկ օր քարոզչություն կիրականացնենք Երևանում»,- ասաց նա:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա այս կիրակի` դեկտեմբերի 9-ին։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին։